ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բացառիկ ցուցանմուշ` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում

Բացառիկ ցուցանմուշ` Դերենիկ Դեմիրճյանի  տուն-թանգարանում
09.05.2014 | 15:13

Մանկագիր Դերենիկ Դեմիրճյանին ընթերցասեր հանրությունը, հատկապես մանկահասակները, ճանաչում է գերազանցապես «Պույ-պույ մուկիկ» չափածո հեքիաթով: Իհարկե, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հոգ է տանում, որ տարատեսակ միջոցառումներով երեխաները ճանաչեն ու սիրեն նաև Դեմիրճյանի մյուս մանկական ստեղծագործությունները` «Ծտապար», «Երգ խաղողի և վարունգի», «Ծտերի հարսանիքը» չափածոները, բազմաթիվ մանրապատումներն ու պատմվածքները` հասցեագրված դպրոցական ցածր տարիքի ընթերցողներին: Սակայն քչերին է հայտնի, որ Դերենիկ Դեմիրճյանն ունի ևս մեկ ուշագրավ, դաստիարակչական, ճանաչողական մեծ արժեք ներկայացնող մանկական ստեղծագործություն, որը հրատարակվել է միայն մեկ անգամ` դաժան պատերազմական տարիներին` 1944 թվականին, և մնացել ստվերում թե՛ իր ժամանակի ընդհանուր տրամաբանության (պատերազմ, զոհեր, քաղց, մշտական տագնապի զգացողություն), թե՛ հենց Դեմիրճյանի ստեղծագործական կյանքի բեկումնային ընթացքի (1943-ին լույս էր տեսել գրողի գլուխգործոցի` «Վարդանանքի» 1-ին հատորը) բերումով:
Պակաս զարմանալի չէ, որ այս ստեղծագործությունն ուշադրությունից դուրս է հայտնվել նաև համեմատաբար ապահով տարիներին, երբ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան ձեռնամուխ է եղել դասականի երկերի լիակատար ժողովածուի հրատարակության գործին: Երկերի տասնչորս ստվար հատորներից և ոչ մեկում զետեղված չէ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկը»: Ավելին, այս ստեղծագործության վերը նշված միակ հրատարակության ոչ մի օրինակ պահպանված չէր ո՛չ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում, ո՛չ գրականության և արվեստի թանգարանում, որտեղ գտնվում է դասականի ամբողջական ֆոնդը: ԳԱԹ-ի գրադարանում պահպանվում է հեքիաթի մեկ այլ օրինակ` տպագրված Հալեպում, 1945 թվականին` արևմտահայերենի և արևելահայերենի սահմանները հստակ չտարորոշող բառաձևերով և քերականությամբ:
Մենք երկու տարի առաջ փորձեցինք գտնել «Արջուկ-լրջուկի» խորհրդային հրատարակությունը, որը, անշուշտ, ավելի մոտ և հարազատ պիտի լիներ բնագրին: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային գրադարանում գտնվեց գրքի օրինակը: Մենք այն թվայնացրինք, սրբագրեցինք, և այժմ պատրաստ է վերահրատարակության: Ընդ որում, վերահրատարակվելու դեպքում գրքի նկարազարդ էջերը կպահպանվեն նույնությամբ, ինչպես եղել են 1944-ի օրինակում, այն տարբերությամբ, որ մատիտանկար-գծանկարներին կտրվի համապատասխան գունավորում` գիրքն այսօրվա երեխաների ակնկալիքներին առավել հարիր դարձնելու նպատակով:
Սակայն նորատիպ «Արջուկ-լրջուկ» ունենալու հեռանկարը մեզ չէր հանգստացնում, որովհետև տուն-թանգարանի համար կարևոր էինք համարում առաջին հրատարակության ձեռքբերումը: Դեպքերի բարեպատեհ դասավորությամբ ծանոթացանք արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, ով պատմեց, թե մանկության տարիներին ինքն ապրել է Դերենիկ Դեմիրճյանի հարևանությամբ և նրանից նվեր է ստացել «Արջուկ-լրջուկ» գիրքը: Մեր անսահման ուրախությունը, իսկապես, պատճառաբանված էր: Դեպքերի նման զուգադիպությունը չէր կարող պատահական լինել: Բայց պարզվեց, որ դիվանագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում տեղից տեղ մեկնելու, բնակավայրերը հաճախ փոփոխելու պատճառով պարոն Նավասարդյանը կորցրել է դասականի մակագրությամբ իրեն ընծայված գիրքը: Մենք կորցրինք վերջին հույսը: Բայց…
Օրեր առաջ իմացանք, որ Արման Նավասարդյանը հայտնաբերել է Դերենիկ Դեմիրճյանի` մեզ համար այնքա՜ն թանկարժեք ընծան իր ստվար գրադարանում և պատրաստ է նվիրելու այն գրողի տուն-թանգարանին:
Հիմա «Արջուկ-լրջուկը» գտել է վերջին հանգրվանը իր բնօրրանում` այն հարկի ներքո, որում ծնունդ է առել: Գիրքը, իհարկե, քայքայված է, ունի լուրջ վերականգնման կարիք և այս վիճակում չի կարող տեղ գտնել թանգարանի մշտական ցուցադրության մեջ, հասու լինել մեր բոլոր այցելուներին, առանձին դեպքերում, ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում միայն այն հնարավոր կլինի տեսնել: Բայց ցանկացած վիճակով էլ այն բացառիկ է` իբրև թանգարանային ցուցանմուշ, և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի աշխատակիցները խորապես երախտապարտ են Արման Նավասարդյանին` այս թանկարժեք ընծայի համար, որի երկրորդ էջում կարդում ենք Դերենիկ Դեմիրճյանի ձեռագիր մակագրությունը. «Կենդանիների պաշտպան բարի Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը` նվեր Դ. Դեմիրճյանից»: Մակագրությունը թվագրված է 1948 թվականի հուլիսի 22-ով:
Իսկ թե ինչու է Վարպետն այսպիսի մակագրությամբ նվիրել գիրքն այն ժամանակ մանուկ Արմանին, հայտնի է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի բարեկամներին և «Իրատես de facto»-ի ընթերցողներին: Արման Նավասարդյանի հիշողություններն այդ օրվա և Էլեոնորա կատվի հետ կապված միջադեպի մասին մենք մշտապես պատմում ենք մեր այցելուներին և համապատասխան հրապարակմամբ հանդես ենք եկել թերթի էջերում:
Հուսանք, որ շուտով հնարավորություն կընձեռվի վերահրատարակելու «Արջուկ-լրջուկ» հեքիաթը և հասցնելու այն ընթերցասեր մանուկներին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ